Կայքի հին տարբերակը
Ուխտագնացություն Արևմտյան Հայաստան (28.08.2011)

20 հոգուց բաղկացած խումբը, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի գլխավորությամբ, ստանալով «Անիտուր» կազմակերպության համապա­տաս­խան ուղեգրեր, Երևանից մեկնեց 2011 թվականի օգոստոսի 19-ի գիշերը և օգոստոսի 20-ին ար­դեն Կարսում էր:

Ուխտագնացներից շատերը դժվարանում էին միանշանակ ձևակերպումներով արտահայտել այն զգացումները, որ ունեցան Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի և Կարսի բերդ այցելելով. թեև այդպիսի իրադրության մասին խմբի բոլոր անդամները գիտեին նաև մինչև Կարսում լինելը, մզկիթի վերածված եկեղեցուց տարածվող նամազի ձայնն առարկայորեն լսելը և Կարսի բերդի վրա ծածանվող Թուրքիայի պետական դրոշը տեսնելը, այդուհանդերձ, իրենց ազդեցությունն ունեցան ուխտագնացների ներաշխարհի վրա: Կարսում ալավերդցի երիտասարդներն այցելեցին նաև Վարդանի կամուրջ, Եղիշե Չարենցի տան փլատակներ (ըստ տարածված վարկածներից մեկի) և նախկին գիմնազիայի շենք: Գիշերեցին Սարիղամիշի անտառամերձ տարածքներում տեղակայված Շամքար հյուրանոցում:

Հաջորդ օրն ուխտագնացները եղան Իգդիրում: Օրվա գլխավոր խորհրդանշական իրադարձությունը դարձավ Արարատի լանջն ի վեր բարձրանալը. շուրջ 2.5 կմ ծովի մակարդակից բարձրության վրա հնչում էր հայկական երաժշտություն, լոռեցի երիտասարդները պարում էին հայկական քոչարին: Այցելության հաջորդ վայրը Բերկրիի գեղատեսիլ ջրվեժն էր, որտեղից խումբը մեկնեց Վան:

Հաջորդ օրը ուխտագնացներն այցելեցին Վարագավանք. հայկական միջնադարյան եկեղեցում նորից հնչեց Հայր Մերը: Օրվա հիմնական իրադարձությունն ու «Վալլեքս» խմբի կազմակերպած ուխտագնացության մասնակիցների համար գլխավոր անակնկալը դարձավ Ախթամար կղզու վրա հայկական ծիսակարգով պսակադրությանը ներկա գտնվելը: Տեր Միքայել քահանա Շաղոյանի օրհնությամբ՝ պսակադրությունը սկսվեց Սուրբ Խաչ եկեղեցում, սակայն Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պահպանությունն իրականացնող ծառայողների՝ Թուրքիայի օրենսդրությամբ սահմանված արգելքներից բխող պահանջներով և գործողություններով պայմանավորված՝ շարունակվեց և ավարտվեց եկեղեցուն հարակից մատուռի ավերակների մոտ:

Ուխտագնացության շրջանակներում մասնակիցներն այցելեցին նաև Մհերի դուռ հուշարձանը, եղան Վանա բերդում, տեսան Բիթլիսի բերդը, եղան Մուշ քաղաքում, որտեղ այցելեցին Սուրբ Մարինե եկեղեցին: Կարս վերադարձի ճանապարհին այցելեցին նաև Սուլուխի և Հովվի կամուրջներ:

Հայոց մայրաքաղաք հռչակվելու 1050-րդ տարում այցելությունը «հազար ու մի» եկեղեցու քաղաք Անի դարձավ ուխտագնացու­թյան բարձրակետը: Անիի Մայր Տաճարում ուխտագնացներն իրենց ուխտի աղոթքն ուղղեցին առ Աստված, ամփոփվեցին ուխտագնացության արդյունքները, «Վալլեքս» խմբի ընկերությունների անունից ուխտագնացներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր:

Ուխտագնացությունը, որի կազմակերպման գաղափարն առաջացել էր Ալավերդու ավագանու՝ «Վալլեքս» խմբի՝ Արցախում տեղաբաշխված ձեռնարկություններ այցելության ժամանակ, դարձավ «Վալլեքս» խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում՝ խմբի ընկերությունների գործունեության վայրերում կազմա­կերպ­վող շրջայցերի տրամաբանական զարգացումը: Միջոցառման հեռահար նպատակն էր, որ այսօր­վա լոռեցի երիտասարդն առավել առարկայորեն պատկերացնի պատմական հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը, առավել հստակ գիտակցի իր իրավունքները դրա նկատմամբ և պատասխանատվությունը դրա պահպանության ու հետագա սերունեդներին փոխանցելու համար: