Կայքի հին տարբերակը
Ավարտին է մոտենում Կաշենի լեռնահանքային համալիրի շինարարությունը

Լեռնային Ղարաբաղում ավարտին է մոտենում «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության Կաշենի լեռնահանքային համալիրի շինարարությունը: Հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտացիոն և օժանդակ արտադրամասերում սկսվել են ժամանակակից սարքավորումների տեղակայումն ու մոնտաժումը: Համալիրի նախամեկնարկային պատրաստականությունը գնահատվում է շուրջ 90%: Համալիրի էլեկտրասնուցումն ապահովելու համար անցկացվում են բարձրավոլտ էլեկտրագծեր: 2015թ. նոյեմբերին նախատեսված են արտադրության փորձարկման աշխատանքները:

Կաշենի հանքավայրում ուսումնասիրված և հաստատված հանքաքարի պաշարները կազմում են 56 մլն տոննա: Նախատեսվում է հանքահարստացուցիչ ֆաբրիկայի շահագործման առաջին փուլում վերամշակել տարեկան շուրջ երկու միլիոն տոննա հանքաքար: Նման արտադրողականությամբ գործելու դեպքում պաշարները կբավականացնեն շուրջ 25 տարի: «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունը ստանձնած պարտավորությունների շրջանակներում նաև շարունակում է նոր պաշարների հայտնաբերման ուղղությամբ երկրաբանահետախուզական աշխատանքները:

Ընդհանուր առմամբ ընկերությունում աշխատում է ավելի քան 1400 մարդ: Կաշենի լեռնահանքային համալիրի շինարարությունն արդեն զգալի դրական դերակատարում ունի ԼՂՀ Մարտակերտի շրջանի համայնքների տնտեսական կյանքում, որն արտադրության մեկնարկից հետո զգալիորեն կավելանա:

Լուսանկարներ